Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի, Եվրոպայում սրբացված հայերի (կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հայ հոգևորականների), հայկական քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցության, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան կատարած այցելության մասին, որի արդյունքում, մասնավորապես` Իտալիայում, մեծ թափ առավ կենտրոնագմբեթ եկեղեցաշինությունը:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և Հոլանդիայում:
Ներկայացվող պատմական փաստերը հաստատում են արտերկրի գիտնականներն ու հոգևորականները:
Նախատեսվում է նկարահանել նաև ֆիլմի երկրորդ մասը, որը սկսվում է ժայռապատկերների, շումերերենի, հին եգիպտերենի վերծանումով, և ապացուցվում է, որ դրանք գրողները հայերենի կրողներ են եղել: «Նախնյաց մոռացված հայրենիք» վերնագրված ֆիլմում խոսվում է այն մասին, որ քաղաքակրթությունը ծագել է Հայկական լեռնաշխարհում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Մասնավորապես քննարկվում է այն տեսակետը, որ բավարները, բասկերը, բրիտանացիները ծագել են Հայկական լեռնաշխարհից:
«Ֆիլմում օգտագործում ենք հայ և օտարազգի գենետիկների, լեզվաբանների, էպոսագետների, պատմաբանների տեսակետներ: Հարցին մոտենում ենք տարբեր կողմերից, որ պատկերն ավելի պարզ լինի»,- ասաց Արսեն Հակոբյանը, նշեց, որ «Նախնյաց մոռացված հայրենիքի» սցենարը գրեթե ավարտել է, փաստերի մեծ մասն ունի, պարզապես մի քանի հարցեր դեռ պիտք է ճշտվի: Մինչ նկարահանումը մեկ անգամ ևս կուղևորվի Եվրոպա` որոշ թանգարաններ այցելելու, մի քանի գիտնականների հետ հանդիպելու համար:
Հետաքրքրվեցի` երբ պատրաստ կլինի ֆիլմը: Զրուցակիցս ասաց, որ մշակույթի նախարարությունը պատրաստ է որոշ չափով աջակցել, պետք է հայթայթեն մնացած գումարը, որ սկսեն նկարահանումները:
Արսեն Հակոբյանը նպատակ ունի ֆիլմ նկարահանել նաև Ռուբեն Սևակի մասին, բայց քանի որ ֆիլմը գեղարվեստական է լինելու, շատ ծախսատար է և դժվար է իրականացնել գոնե մոտ ապագայում:
«ֆիլմը հիմնված է լինելու փաստերի վրա: Թեև կարող ենք թույլ տալ որոշ շեղումներ: Օգտվել եմ մի քանի աղբյուրներից: Խոսել եմ Ռուբեն Սևակի եղբոր տղայի հետ, Լոզանի համալսարան եմ գնացել, որտեղ ինքը սովորել է, որոշ փաստաթղթեր եմ գտել: Բայց շատ չեմ պրպտել, քանի որ առայժմ հնարավորութուններս չեն ներում ֆիլմը կյանքի կոչելու»,- ասաց Արսեն Հակոբյանը, նշեց, որ նախագիծը ներկայացրել է մրցույթի, բայց մերժվել է, որովհետև ունեցել է սցենարի միայն համառոտ տարբերակը: Նրա խոսքով` ազգային կինոկենտրոնից մրցույթի մասին տեղեկացրել են մոտ տասն օր առաջ, մինչդեռ նման լուրջ նախագծերի մասին մի քանի ամիս առաջ են հայտնում, որ մարդիկ հասցնեն սցենարը գրել:
Հետաքրքրվեցի` ունե՞նք արդյոք Ռուբեն Սևակի մասին ֆիլմ: Արսեն Հակոբյանն ասաց, որ իր գերմանաբնակ ծանոթներից մեկը վավերագրական ֆիլմ էր նկարահանում, բայց չգիտի` ավարտե՞լ է, թե՞ ոչ:
Հավելենք, որ Արսեն Հակոբյանի «Արարտից եվրոպան» բավականաչափ ցուցադրութուն է ունեցել (մոտ 30 ցուցադրություն միայն` արտասահմանում ): Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Զրուցակիցս նշեց, որ մինչև օրս էլ կազմակերպվում են ցուցադրություններ` հնարավորության սահմաններում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ